Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարում նա ասել է, որ ցանկանում է իր ներդրումը բերել Հայաստանի զարգացման գործում։ «Մենք որևէ վատ բան չենք անում, ոչնչից չենք վախենում։ Հայաստանը նաև մեր հայրենիքն է։ Եթե այսօր ոչ մի բան չանենք, հետո կզղջանք»,- ասել է Արա Աբրահամյանը։ Այդպե՞ս է: Շատ հաճախ զղջում են արածների համար նախ, և հետո՝ եթե իսկապես «վատ բան» չի անում, ինչո՞ւ է արդարանում ու ինչո՞ւ է նախազգուշացնում, որ ոչնչից չի վախենում: Նվազագույնը տրամաբանական չէ, որ լավն ես անում ու պիտի վախենաս: Ի՞նչ է ուզում Արա Աբրահամյանը: Հայաստանի զարգացման գործում ներդրում ունենալու համար երբվանի՞ց է պարտադիր Հայաստանում իշխանություն դառնալը: Տնտեսական զարգացման գործում ներդրումը լինում է ֆինանսական: Թերևս նա նկատի է ունեցել քաղաքական զարգացումը: Իր պարագայում դա նշանակելու է հերթական փողի տոպրակի քաղաքական ասպարեզ մտնելը՝ առանց որոշակի գաղափարական ծրագրի: Թեպետ հիմա 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա՝ ինչպես նա ավետել է: Բայց եթե այդ ծրագրի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը, Արա Աբրահամյանը սխալ է ընտրել երկիրը՝ նա պիտի փորձի իշխանության գալ Ռուսաստանում։ Հայաստանն այլևս ոչինչ չունի Ռուսաստանին տալիք, առավել ևս առևտրատնտեսական հարաբերությունների այս ամռան ու աշնան «զարգացումներից» հետո: Ի՞նչ է ուզում Արա Աբրահամյանն իրականում: Ոչինչ: Նա միշտ էլ կատարել է ՌԴ նախագահի հանձնարարությունները տարբեր երկրներում: Ինչո՞ւ չկատարի Հայաստանում: Առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո քաղաքական ասպարեզում պարապ էր մնացել նրա տեղը: Համենայն դեպս իրադարձությունների զարգացումները վկայում են, որ Ռուսաստանը Հայաստանում իր վարելիք քաղաքականության վերաբերյալ ոչ վերջնական, բայց ընթացիկ ինչ-որ քաղաքականություն փորձում է ձևավորել: Եվ ի՞նչ սպասել:
1. Ռուսաստանը միանգամից «թոշակի» ուղարկեց Հայաստանի՝ ռուսական շահերը սպասարկող ընդդիմությանը մի փաթեթով՝ նրանք այլևս գործի մեջ չեն, ուրեմն ինքնուրույն պիտի լուծեն իրենց քաղաքական ճակատագրի ու ֆինանսական հարցերը:
2. Ռուսաստանը նաև «թոշակի» մեջ թողեց Ռոբերտ Քոչարյանին, հընթացս նրան մասնակի ֆինանսազրկելով իր տարածքում և պատրանքազրկելով, որ կստանա Մոսկվայի աջակցությունը՝ քաղաքականություն հիմնավորապես վերադառնալու համար:
3. Ռուսաստանը ի վերջո կարող է նաև «թոշակի» ուղարկել գործող իշխանությանը, եթե չկատարի ռուսական բոլոր պայմանները: Իսկ պայմանները, ինչպես միշտ, ոչ միայն շատ են, այլև տրամաբանությունից դուրս: Հայկական տրամաբանությունից, բայց լիովին տեղավորվում են ռուսական շահի տրամաբանության մեջ:
4. Ռուսաստանը փաստացի խաղի մեջ է բերում հայկական համայնքը, որը վաղուց արդեն դադարել է հայկականության որևէ դրսևորում ունենալ և դարձել է ամբողջությամբ ռուսադավան: Տրանսֆերտների կրճատումով՝ ռուսական ազդեցության թուլացմանն ի հատուցում՝ Մոսկվան համայնքը ներքաշում է քաղաքական դաշտ և նրանք միանշանակ խաղալու են ռուսական շահի թելադրանքով՝ փորձելով ներգրավվել ընտրություններում: Եթե Ընտրական օրենսգիրքն էլ համապատասխան փոփոխությունները կրի, Հայաստանի իշխանությունը ձևավորվելու է Ռուսաստանում:
5. Նոր կուսակցության ստեղծումը և այդ կուսակցությունը միանգամից խորհրդարան մտցնելը Մոսկվայի համար մեկով մեկ է, որովհետև Հայաստանում երբեք չեն դիմադրել ընտրացուցակների մոսկովյան հաստատմանը, նույնիսկ եթե չեն հասկացել՝ ով և ինչու: Խորհրդարանական կառավարման պարագայում, եթե ոչ առաջին, երկրորդ խորհրդարանական ուժն ունենալ Հայաստանում, Մոսկվայի նպատակն է՝ այլևս չմտածելու համար՝ եթե ոչ նախագահի, ո՞ւմ հետ է հնարավոր Հայաստանում հարցեր լուծել կառավարման մոդելի փոփոխությունից հետո:
6. Միայնա՞կ կգործի Արա Աբրահամյանը, թե՞ դաշնակից կունենա «Հայկական վերածնունդը, տեխնիկական հարց է: Նայած՝ իրավիճակին: Նայած Հայաստանի իշխանությունների արձագանքին ու առևտրի արդյունքներին:
7. Քաղաքականության մեջ բարոյականության մասին ընդունված չէ խոսել, բայց որքա՞ն է բարոյական Արա Աբրահամյանի քայլը, որ իրականության վերածվելու դեպքում ընդամենը վերջին հարվածն է լինելու Հայաստանի Հանրապետության անկախությանը: Հայի ձեռքով ու հայի դեմ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես սա ուղղակի պատասխանն է հարցին՝ իսկ ի՞նչ վերաբերմունք ունի Ռուսաստանը Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ահա այսպիսի: Ասաց՝ մի արեք, անո՞ւմ ենք, հիմա ասում է՝ արեք, իսկ արդյունքները ինձ կտաք, հետևանքները դուք կստանաք: